ՈՒկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին սպասում է տեղեկության, թե Թուրքիայում մայիսի 15-ի հանդիպմանն ով է ներկայացնելու Ռուսաստանը։ «Ես սպասում եմ, թե ով կժամանի Ռուսաստանից, և այդ ժամանակ կորոշեմ, թե ինչ քայլեր պետք է ձեռնարկի Ուկրաինան»,- հավելել է Զելենսկին։ Նա հիշեցրել է, որ ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը նույնպես քննարկում է Թուրքիայում բանակցություններին մասնակցելու հնարավորությունը, ինչը կարող է լինել ամենաուժեղ փաստարկը։               
 

Ընտրյալը նա է, ում Տերն է գովում

Ընտրյալը նա է, ում Տերն է գովում
27.02.2018 | 00:59

Անհատի մեծագույն ձախողումներից մեկն այն է, երբ իրեն համարում է քրիստոնյա, բայց իսկության մեջ ապրում է հոգևոր թմրության շղթաներում: Թմբիրով պարուրված հոգին ունակ չէ արձագանքելու մարդկանց հետ փոխհաղորդակցությանը, նկատելու, թե ինչպիսին պիտի լինի աստվածային լույսից բխող անշահախնդիր ճառագումը ամեն մի անհատի հանդեպ: Տարբեր անհատների ինքնակենտրոնության այս դրսևորումը յուրովի փոխակերպվում է տարաբնույթ իրադրություններում, և նույնիսկ նրանց մոտ, ովքեր փորձում են հոգևոր առաքելություն իրականացնել` տարված հանրաճանաչ լինելու բաղձանքով, այս աշխարհում ինչ-որ կարևոր գործ անելու մղումով, որպեսզի իրենց անունն ու հիշատակը փառաբանվեն մարդկության պատմության փոշիացող բազմահատոր էջերում: Անշուշտ, դա մարդու անձից բխող ձեռագիր է, այլ ոչ թե Աստծու Հոգու ձեռագիրն է:
Մենք այսպես կարդում ենք նմանատիպ հոդվածներ և քննադատում մյուսներին, բայց չենք անդրադառնում այն հանգամանքին, որ հենց ինքներս ենք գտնվում հոգու այդ թմրության մեջ: Մի՞թե այդպես չէ:
Միայն նայեք համացանցը. հատկապես երիտասարդները գովազդելով իրենք իրենց՝ նկարներով, ճամփորդություններով, գործերով ու խոսքերով պարծենում, հպարտանում են` ձգտելով իրենց «ես»-ի փառաբանությանը, փորձում արժանանալ բոլորի ուշադրությանը: Այս գայթակղությունը կլանում է մարդուն և կարծրացնում նրա սիրտն ու հոգին: Հարկ է նշել, որ Արարչին ամենևին չեն հետաքրքրում մարդկանց ինքնակենտրոնության դրսևորումները, որոնցով նրանք փորձում են պարծենալ և արժանանալ հանրության գովասանքին: Հիշենք Պողոս առաքյալի խոսքերը. «Քանի որ ոչ թե նա է ընտրյալը, ով ինքն իրեն է գովաբանում, այլ նա, ում Տերն է գովում» (Բ Կորնթ.10.18):


Սակայն մենք շարունակում ենք ապրել աշխարհի թելադրած կանոններով, այլ ոչ թե ավետարանական պատգամներով: Պողոսի նման բազմաշնորհ առաքյալն իր մասին խոսելիս խորին համեստությամբ և խոնարհությամբ ասում է, թե ինձանով չպետք է պարծենամ, այլ միայն իմ տկարություններով (Բ Կորնթ. 12.5): Հետևաբար, կյանքի ամենավտանգավոր հանգրվաններից մեկը հոգևոր հպարտությունն է, որը պարուրում է անհատին ու ներշնչում բարի գործեր, արժեքավոր նախաձեռնություններ անել, բայց կամա, թե ակամա հանուն իր անձի փառաբանության:


Մտքի հոգևոր արթնություն չունեցող անձը, կարծրացած սիրտ ունեցողն ունակ չեն տեսնելու, տարբերելու աստվածային կամքի հայտնությունը, քանի որ կեղծ ճշմարտությունը շփոթում են իրական ճշմարտության հետ, որովհետև չեն ճանաչում ճշմարտությունը: Այդ իսկ պատճառով հակաքրիստոսի գալստյան ժամանակ այդօրինակ մարդը շփոթության և խաբված վիճակում է հայտնվելու, և հոգևոր թմրության մշուշի մեջ ապրող բազմաթիվ քրիստոնյաներ ընդունելու են անօրեն մարդուն (Բ Թեսաղ. 2.3-4) իբրև փրկիչ ու առաջնորդ, որովհետև չեն տարբերելու Աստծո Հոգու գործելակերպի ձեռագիրն աշխարհի, մարդու, սատանայի ձեռագրից:
Սիրելի, բայց ինքնակենտրոն ազգակիցներ, ներքին մեծամտության ախտն աստիճանաբար խարխլելու է ձեր հոգու կենսալույս զորությունը, և անմասն չեք լինելու զանազան փորձություններից, փորձանքներից ու բարդ հիվանդություններից: Դուք դեռ ժամանակ ունեք չնմանվելու այդօրինակ ձախողված մարդկանց, որոնք տառապում են իրենց կյանքի ողբերգական պատմությունն արձանագրելով: Մեծ պասի այս ժամանակահատվածը ինքնանդրադարձման հրաշալի հնարավորություն է, որը կարող է անհատական և ընդհանրական դրական փոփոխություն բերել: Ղուկասի Ավետարանը մեզ հիշեցնում է. «Այդ նոյն ժամանակ ոմանք եկան եւ պատմեցին նրան այն գալիլիացիների մասին, որոնց արիւնը Պիղատոսը խառնեց իրենց զոհերի արեան հետ։ Նա պատասխանեց նրանց եւ ասաց. «Կարծում եք, թէ այն գալիլիացիները, որոնք այդպիսի պատահարների ենթարկուեցին, աւելի մեղաւո՞ր էին, քան բոլոր գալիլիացիները։ Ո՛չ, ասում եմ ձեզ, սակայն, եթէ չապաշխարէք, ամէնքդ էլ նոյնպէս պիտի կորչէք։ Կամ նրանք՝ այն տասնութ մարդիկ, որոնց վրայ Սիլովամում աշտարակը փուլ եկաւ եւ սպանեց նրանց, կարծում եք, թէ աւելի մեղապա՞րտ էին, քան Երուսաղէմում բնակուող բոլոր մարդիկ։ Ո՛չ, ասում եմ ձեզ, սակայն եթէ չապաշխարէք, ամէնքդ էլ նոյնպէս պիտի կորչէք» (Ղուկ. 13.1-5):


Արդ, սթափվենք ու չնմանվենք անմիտ մեծահարուստի առակի անձին (Ղուկ. 12.13-21), որն իր երազանքներով ու ծրագրերով տարված չէր սպասում, որ ամեն ակնթարթ կարող էր հեռանալ այս աշխարհից: Ձգտենք ապրել Աստծո կենդանի հաղորդակցության, հարատևության և լույսի մեջ:

Հովհաննես ՄԱՆՈՒԿՅԱՆ

Դիտվել է՝ 2133

Մեկնաբանություններ